Այս իշխանությունը երեսպաշտության և երկակի ստանդարտների դասագրքային օրինակ է, երբ մի խումբ դատավորներ իրենց պատվերն են կատարում, նրանք անկախ դատավորներ են, երբ դատական ակտերն իրենց շահերից չի բխում, իրենց կամքը չի արտահայտում, այդ դատավորներին պիտակավորում են ու համարում ինչ-ինչ ուժերին ծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կարճելու և ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականներին։
«Այս իշխանության ներկայացուցիչների անհեթեթ, զավեշտի հասնող հայտարարություններն այլևս զարմանալի չեն և ոչ էլ անսպասելի։ Իշխանությունն, իր բոլոր ներկայացուցիչներով հանդերձ, երեսպաշտության օրինակ են։ Այս 3 տարվա ընթացքում վակխանալիայի են վերածել մեր իրավական դաշտը»,- նշում է սահմանադրագետը և ասվածի լավագույն օրինակ համարում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցած դատական գործը։ Հիշեցնելով ի սկզբանե բազմաթիվ իրավաբանների տեսակետների մասին, որ իրավական անհեթեթ գործընթաց է տեղի ունենում, Գ․ Մելոյանն ընդգծեց, որ առաջին օրվանից ակնհայտ էր, որ գործը քաղաքական ուղղվածություն ունի։
Մարտի 1-ի գործի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները մեջբերելով, սահմանադրագետը փաստեց, որ մինչ օրս գեթ մեկ զոհի առնչությամբ գործ հարուցված չէ, մինչդեռ զոհերի ընտանիքներն առաջին իսկ օրից ենթարկվել են այս իշխանության ու նրան հարող արբանյակների շահարկմանն ու մանիպուլացիաներին։ Զոհերի հարազատներին փոխհատուցելու վերաբերյալ ընդունված օրենքն էլ, ըստ նրա, անհամաչափ, անորոշ ու հակասահմանադրական էր, որը զոհերի հարազատներին լռեցնելու նպատակ ուներ։
Դիտարկմանը, թե իշխանությունը ՍԴ-ն էլ իր սրտով ձևափոխեց, բայց էլի հայտարարում է, թե «դատավորները անկախ են իրենցից, բայց ոչ այլ հանգամանքներից», Գ․ Մելոյանը նշեց, որ երբ դատավորները հավատարիմ են մնում օրենքի տառին և իրենց խղճին, հիստերիա են բարձրացնում, ինչին ակնատես եղանք դատարանի դռները շրջափակելու վարչապետի կոչի ժամանակ, իսկ երբ իրենց քիմքին հաճո որոշումներ են կայացվում, համարում են դատական իշխանությունն անկախ։ «Մինչդեռ դատարանի մուտքերը շրջափակելու կոչին որևէ իրավական գործընթաց, պատասխանատվություն չհետևեց, ավելին, շարունակվեց բացթողումների, խախտումների շարանը, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների ձեռամբ»:
Սահմանադրագետը հիշեցնում է նաև բարձրագույն իշխանության կողմից ճնշումներն այն դատավորների հանդեպ, որոնք քաղաքական պատվերի շրջանակում դատական վճիռներ չեն կայացրել, ինչպես Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի պարագայում էր։
«Կա դատավորների տեսակ, որ բոլոր իշխանությունների ժամանակ նրանց հաճոյանալու համար որոշումներ են կայացնում, և կան դատավորներ, որոնք անկախ ճնշումներից, հետապնդումներից, հավատարիմ են մնում իրենց կոչմանը»,- ասաց Գ․ Մելոյանը՝ արձանագրելով ՍԴ-ի հանդեպ իշխանության ահռելի ճնշումները, երբ հատվեցին կարմիր գծեր, բայց Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մի շարք դատավորներ տուրք չտվեցին ճնշումներին ու շանտաժին։




























