Հայաստանի տնտեսությունը 2010 թվականին կգրանցի 1,2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր հայտարարել են Հայաստան ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների խորհրդի մի շարք անդամներ: Այդ տնտեսական աճին, ըստ նրանց, հնարավոր է հասնել շնորհիվ ԱՄՀ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների օժանդակության, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության, որի արդյունքում արդեն հնարավոր է եղել չկրճատել ծախսերը:
ԱՄՀ գործադիր տնօրեններից մեկի` Ամբրուազ Ֆայոլի ներկայացմամբ, Հայաստանն այն երկրներից է, որն իր վրա առավել ծանր է կրում ճգնաժամի հետեւանքները: Դրա համար էլ այս տարի Հայաստանում կգրանցվի ՀՆԱ-ի 15 տոկոսով անկում: Նա խոստովանել է, որ իրենք միշտ հույս են փայփայել, որ միգուցե սխալվում են թվերի մեջ, որ անկումն ավելի փոքր է, քան այդ ցուցանիշը, սակայն հիմա տեսնում են, որ դա է իրականությունը: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն 2009 թվականի սկզբին կանխատեսում էին, որ տարվա վերջին տնտեսական անկումը կկազմի ընդամենը 5 տոկոս, հետո 8-10 տոկոս, հետո 11-12 տոկոս եւ վերջապես վերջին կանխատեսմամբ անկումը պետք է լինի 15 տոկոս: Հիշեցնենք, որ 8 ամսվա տվյալներով ՀՀ-ում ՀՆԱ անկումը կազմում է 18,4 տոկոս եւ որոշ տնտեսագետների փոխանցմամբ, 2010 թվականին Հայաստանում անկումը կշարունակվի եւ կկազմի 1.5-2 տոկոս:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական սահմանների բացմանն ու դրա տնտեսական հետեւանքներին, Ա. Ֆայոլին խուսափել է կոնկրետ գնահատականներից եւ միայն նշել. «ԱՄՀ-ն աշխարհի այլ տարածաշրջաններում իր փորձից քաղել է այն դասը, որ սահմանների բացումը եւ տարածաշրջանային ինտեգրումը նպաստում են պետություններում տնտեսական աճի պահպանմանը»:




























