Հայաստանն այսօր շատ առումներով արդեն պատրաստ է զարգացնել հեռաբժշկությունը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Գեորգի Չալտիկյանը։ Ըստ նրա՝ խոսքը հատկապես վերաբերում է տեխնիկական առումով պատրաստվածությանը։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի վերջին տարիների զարգացումը հնարավորություն է տալիս ռեալ քայեր կատարել հեռաբժշկության զարգացման ուղղությամբ»,-ասաց Գ. Չատիկյանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը արմատականորեն փոխել է առողջապահական ծառայությունների մատուցումը։
Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հակիրճ սահմանման՝ Տելեբժշկությունը (լատիներեն` tele- հեռավոր) ժամանակակից տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ինտերակտիվ բժշկական ծառայությունների մատուցումն է հեռավորության վրա: Այսինքն՝ ավանդական բժշկական ծառայությունների մատուցման նորագույն եղանակ է, որը հնարավորություն է տալիս անկախ ժամանակային եւ տարածական հեռավորությունից բժշկական աջակցություն ցուցաբերել հիվանդին։
«Բժշկության ապագան հենց տելեբժշկությունն է։ Այսօր մենք «բժշկության ապագայի» ծննդյան ականատեսներն ենք, ուստի անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանում տելեբժշկության զարգացման համար»,-ասաց Գ. Չատիկյանը՝ հավելելով, որ պետական եւ մասնավոր հատվածից ոլորտի ֆինանսավորումը, մասնագետների պատրաստումը եւ տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը կօգնի Հայաստանում տելեբժշկության զարգացման համար ճիշտ ճանապարհը ընտրել։




























