Մանկակական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսեւորում. եթե սրանից ութ տարի առաջ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքը տարեկան 100 նոր հիվանդ երեխայի էր ընդունում, ապա վերջին մի քանի տարիներին այդ ցուցանիշն 80-ի է հասել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց նույն կենտրոնի մանկական եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ավագ բժիշկ Հայկուհի Գյոկչյանը։
Նրա խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում 5-15 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված շարունակում են մնալ արյան քաղցկեղը՝ լոյկոզը, ուղեղի ուռուցքներն ու լիմֆոմաները՝ ավշային համակարգի նորագոյացությունները։ «Հատկանշական է, որ մինչեւ 4-5 տարեկան երեխաների մոտ հանդիպում են երիկամների եւ ներքին մյուս օրգանների բնածին ուռուցքների ձեւերը»,- նշեց բժիշկը։ Նա միաժամանակ նկատեց, որ աղջիկների մոտ, հատկապես հասունացման շրջանում, հաճախ են նկատվում ձվարանների հերմինոգեն տիպի ուռուցքները։
Հայկուհի Գյոկչյանը դժվարացավ նշել, թե հատկապես ո՞ր սեռի երեխաներն են խոցելի քաղցկեղի տարատեսակների հանդեպ, փոխարենը տեղեկացնելով, որ մի շրջան իրենց կենտրոնում բավական մեծ թիվ են կազմել ԼՂՀ-ից եկած երեխաները։
«Նման պատկեր մոտ հինգ տարի առաջ էր։ Մենք՝ բժիշկներս, այդ հանգամանքը հակված էինք պայմանավորելու պատերազմի տարիներին արցախաբնակ երեխաների տարած սթրեսներով։ Այժմ, բարեբախտաբար, ղարաբաղցի երեխաների հետ կապված դեպքերը նվազել են»,- ասաց բժիշկը։
Նրա խոսքով, Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայումս բուժման կուրս անցնող երեխաների գերակշռող մասը Հայաստանի մարզերից են։ «Այս փաստը մեծամասամբ պայմանավորված է մարզերում բնակվող երխաների ծնողների անհետեւողականությամբ եւ դիագնոստիկայի պակասով»,- նկատեց Գյոկչյանը։
Ամփոփելով՝ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկը հիշեցրեց, որ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն իրենց մոտ կտարվում է պետպատվերի շրջանակներում, իսկ եթե երեխայի մոտ բարորակ ուռուցք է հայտնաբերվում, ապա բուժումն այս դեպքում անցկացվում է վճարովի հիմունքներով։ Միաժամանակ բժշկուհին դժվարացավ նշել, թե որքան գումար է մեկ երեխայի բուժման համար տարեկան կտրվածքով հատկացնում պետությունը։ Կենտրոնի հաշվապահությունում եւս մեր այդ հարցին պատասխանող չգտնվեց։



























