Հայաստանում այսօր` հունիսի 21-ին նշվում է Բուժաշխատողի օրը, որի կապակցությամբ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդես է եկել ուղերձով:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Օր, որը մեզ հնարավորություն է տալիս արժեւորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը  հասարակության մեջ:

Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաեւ այսօր, քանի որ հենց մեր աշխատանքից է մեծապես կախված կյանքում ամենակարեւորը` մարդու առողջությունը:

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, այսօր մեր համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով:

Արդեն իրականություն են ծննդօգնության եւ երեխայի պետական հավաստագրերը, որոնց զուգահեռաբար ընթանում են նաեւ բազմաթիվ այլ ծրագրեր, հիմնանորոգվում եւ կառուցվում են նոր բուժհաստատություններ: 

Մեր յուրաքանչյուր նոր ծրագիր կյանքի է կոչվում Ձեր սրտացավության եւ հետեւողականության շնորհիվ: Ու չնայած համակարգում շատ անելիքներ կան, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ բոլորս միասին կհասնենք մեր առջեւ դրված նպատակներին` ունենալու լավագույն համակարգ:

Օգտագործելով այս գեղեցիկ առիթը` ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել  Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ աշխատանքում եւ ընտանիքում»: