«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» «Ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացում» ենթածրագրի շրջանակում այսօր` հունիսի 21-ին Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)  եւ Ջուր մատակարարող գործակալություններին (ՋՄԳ) տրամադրվել են էքսկավատոր-ամբարձիչներ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ JCB 3CX տեսակի 19 էքսկավատոր-ամբարձիչները հանձնվել են 16 ՋՕԸ-երի եւ  3 ՋՄԳ-երի: Վերջիններիս կողմից ստորագրվեցին նվիրաբերության պայմանագրեր:  Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ,  տեխնիկա կտրամադրվի  35 ՋՕԸ-ի: Առաջիկայում կստացվի տեխնիկայի երկրորդ խմբաքանակը: Էքսկավատոր-ամբարձիչները կծառայեն ոռոգման եւ դրենաժային համակարգերի շահագործմանն ու պահպանմանը:

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հույս է հայտնել, որ տեխնիկապես հզորացումը նաեւ հնարավորություն կստեղծի ՋՕԸ-երի համար առավել արդյունավետ իրականացնելու իրենց առջեւ դրված խնդիրները: