Կառավարությունում այսօր` հունիսի 21-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում քննարկվել է Հայաստանում նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագծի լրամշակված տարբերակը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արված դիտողություններով հանդերձ փաստաթուղթը հաստատվել է խորհրդի անդամների կողմից: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ` վերոնշյալ կարգը հաստատելու մասին:

Նիստում արծարծվել է նաեւ հավատարմագրման մասին վերջնական որոշում կայացնելու հարցը, որը պետք է լինի երրորդ կողմից անկախ, թափանցիկ  եւ ըստ նախապես հրապարակված չափորոշիչների ու ընթացակարգերի:

Մեկ այլ հարցով հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը համալրելու առաջարկը: