Նիդերլանդների «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպությունը կաջակցի Հայաստանում բնակշինարարության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման հարցերում: Այս մասին նշվել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար, Հայաստանի Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի Նիդերլանդներում ունեցած հանդիպումների ժամանակ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի նախագահ Բերտ վան Նյուվանհայզենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու լայնածավալ համագործակցության ծրագիր` օգտագործելով այս բնագավառում հոլանդական լավագույն փորձը: «Վոոնբրոնը» կցուցաբերի տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի կարիքների գնահատման եւ հետագա զարգացման գործընթացում:  

Եվրոպական «Սեկոդասի» ղեկավարության հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսելու բանակցային գործընթաց Հայաստանի Ազգային բնակարանային ասոցիացիայի` «Սեկոդասի» ասոցացված անդամ դառնալու շուրջ: «Սեկոդասը» սոցիալական բնակարանային հիմնադրամները միավորող համաեվրոպական ցանց է, որին անդամակցում են ԵՄ անդամ 27 երկրներ: Կազմակերպության փոխնախագահ Ռուդի դե Յոնգի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում իրականացնելու սոցիալական բնակարանային համակարգի զարգացման ծրագիր` բնակարանային հիմնադրամների համաեվրոպական ցանցի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ: 

Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի նախագահ  Էրիկ Բերժեն ստորագրել են պայմանագիր Հայաստանում սոցիալական բնակարանային ոլորտում ներդրումային ծրագրերի պորտֆելի ձեւավորման համար` առաջին փուլում շուրջ երեք միլիոն եվրո ընդհանուր ծավալով աջակցություն, որն ուղղվելու է Հայաստանում ցածր եւ միջին եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

Այս ծրագրերի կենսագործման համատեքստում «Գրին վեստ» սոցիալական բնակարանային կազմակերպության հետ քննարկվել եւ հաստատվել է ԱՍԲԱ-ի ներդրումային ծրագրերին երաշխիքներ տրամադրելու հարցը, իսկ «Նորհուստ» շինարարական կոնցեռնի հետ քննարկվել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաներով բնակարանային շինարարության հարցը, ինչը կնպաստի սոցիալական բնակարարանների մատչելիության բարձրացմանը: Առաջին սոցիալական բնակարանները կսկսվեն կառուցվել արդեն այս տարվա աշնանը: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Դիլիջան, Աշտարակ, Ապարան, Հրազդան եւ Վեդի քաղաքները, որտեղ նախատեսվում է առաջին երեք տարում կառուցել մինչեւ 1000 բնակարան ցածր եկամուտներ ունեցող անձանց համար: