Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 22-ին Տավուշի մարզում մասնակցել է Աչաջրի պոմպակայանի բացման արարողությանը, որը վերականգնվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ –Հայաստան»-ի ծրագրով:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՀՄՀ-Հայաստանի» ներդրումն Աչաջրի պոմպակայանում կազմում է 870 հազ. դոլար. վերակառուցվել է պոմպակայանի շենքը, ամբողջությամբ վերազինվել են երկու պոմպերը, ինչը հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել:

«ՀՄՀ-Հայաստանի» ծրագրում ընդգրկված 17 պոմպակայաններից Աչաջրինն արդեն չորրորդն է, որը հանձնվում է շահագործման:  Մնացած պոմպակայանների շահագործումը եւս նախատեսվում է առաջիկայում:

Ա. Գեւորգյանը ծանոթացել է նաեւ Աչաջրի եւ Կողբի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ընթացքին: Նախատեսվում է, որ երկու համայնքներում էլ վերականգնման աշխատանքները կավարտվեն հուլիսի կեսերին:

Փոխվարչապետն այցելել է Նոյեմբերյանի պոմպակայանի շինհրապարակ: Զուգահեռ վերակառուցվում է նաեւ պոմպակայանի ջրառն ապահովող Դեբեդի պատվարը:

Փոխվարչապետին ներկայացվել է նաեւ Դեղձավանի խմելու ջրի համակարգի վերականգնման ծրագրի ընթացքը: Նշվել է, որ Բագրատաշենում ոռոգման ջրագծի կառուցմամբ հնարավոր կլինի ոռոգելի դարձնել 550 հա տարածք: