Ոստիկանության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել հունիսի 14-ին Երեւանի «Գարեգին Նժդեհ» կայարանում ոստիկանի կողմից 30-ամյա Արման Ենգիբարյանի վրա կրակելու եւ սպանելու վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը.

«Հունիսի 22-ին «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում անդրադարձ է եղել օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու եւ վնասազերծելու դեպքին:

Հրապարակումներում տարակուսանք է հայտնվել, թե ինչպե՞ս եղավ, որ Ա. Ենգիբարյանը չորս ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ՝ ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաաընկերությամբ եթեր հեռարձակված մի հաղորդման, ելույթ ունեցել, սակայն ոչ ոք նրան չի ճանաչել:

Հայտնում ենք, որ Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չի եղել: Ապրիլ-հունիս ամիսներին մայրաքաղաքի տարբեր համայնքներում արձանագրվել էին մի շարք ավազակային հարձակումներ եւ բոլոր դեպքերում էլ բնակարաններ մուտք գործած անձը ներկայացել էր որպես ջրմուղի աշխատակից:

Ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձին ճանաչելու համար տուժողների խոսքերով կազմվել էր կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, ըստ որի՝ ոստիկանների կողմից որոնվում էր ոչ թե կոնկրետ Արման Ենգիբարյանը, այլ սուբյեկտիվ դիմանկարում պատկերված անձը, որը ներկայանում էր ջրմուղի աշխատակից:

Հունիսի 14-ին ոստիկանությունում նոր ահազանգ ստացվեց, ըստ որի՝ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկը: Ոստիկանները կասկածելով, որ հնարավոր է այդ դեպքը նույն շարքից է, անմիջապես մեկնեցին ահազանգի հետքերով: Հետապնդելով ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվողին՝ մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ նա չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ մարդաշատ վայրում զենք էր կիրառել: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո ստիպված էին վնասազերծել իրենց ուղղությամբ կրակողին:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ հինգ տուժողներ լուսանկարներով ճանաչել եւ մատնացույց են արել Արմեն Ենգիբարյանին՝ որպես իրենց նկատմամբ ավազակային հարձակում կատարողի»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը զրուցել է ոստիկանի գնդակից մահացած Արման Երգիբարյանի ընտանիքի անդամների հետ: Պարզվել է, որ ոստիկանը Արման Ենգիբարյանի վրա կրակել է երկու անգամ` որովայնին, ապա պարանոցին, իսկ Արմանի ձեռքին եղել է ընդամենը գազային ատրճանակ: Արման Ենգիբարյանը խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, որպես լավ խոհարար հրավիրվել էր հեռուստաընկերություններ՝ ցուցադրելու իր հմտությունները: Որովայնին եւ պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով կասկածյալ, հանցագործ: «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում՝ առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացույցով, թերթերում գրում են՝ վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը՝ գլխին: էդ ի՞նչ ա նշանակում՝ երկրորդ գնդակը, որ խփել են գլխին: Գլխին խփում են՝ քիլլեր ա՞ եղել մեր ոստիկանը»,- ասել է Արմանի հայրն ու շարունակել. «Էդ ո՞նց ա լինում, որ «հանցագործը» հեռուստացույցով ելույթ ա ունենում, բայց ոչ մեկը իրան չի ճանաչում»: Նրա խոսքով, ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ ինքը դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել: