Վեդիի բժշկական կենտրոնից հունիսի 22-ին ժամը 18:00-ի սահմաններում տեղեկացրել են ոստիկանության Արարատի բաժին, որ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու մարդ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը` ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հ. Մուշեղյանի գլխավորությամբ պարզել է, որ վիրավորները Երեւանի Սարի Թաղի բնակիչներ 63-ամյա Ցոլակ Գալեյանն է եւ 21-ամյա Գրիգոր Գալեյանը: Դեպքի վայրում նշել են, որ նրանք հայր ու որդի են:

Պարզվել է, որ այսօր ժամը 15:00-ի սահմաններում, Գ. Գալեյանը Արարատի մարզի Քոլանլու կոչվող հանդամասում փորձել է իրենց կողմից ինքնաշեն պատրաստված ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով բարձրանալ բլուրը: Նրանք փորձարկել են ավտոմեքենան, որպեսզի համոզվեն, թե այն կբարձրանա՞ բլուրի գագաթը: Սակայն բլուրի գագաթ չհասած մեքենայի շարժիչը հանգել է եւ չկարողանալով արգելակել, մեքենան մոտ 100 մետր իջել է ցած, բախվել քարին  եւ կողաշրջվել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Ա. Շաղոյանի գլխավորությամբ:

Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի