Խաղաղ օվկիանոսի փոքր երկիր Նաուրուն «համաշխարհային ռեկորդ» է սահմանել Covid-19-ի դեմ պատվաստումների հարցում․ երկրի ամբողջ չափահաս բնակչությունը ստացել է առաջին դեղաչափը, հայտնում է AP-ն:

Հեռավոր կղզի-երկիրը, որն աշխարհում այն քիչ վայրերից մեկն է, որտեղ վիրուս չկա, հայտարարել է, որ իր պատվաստումների չորս շաբաթվա արշավը գերազանցել է բոլոր սպասելիքները:

Առաջին դեղաչափը ստացել է 7392 մարդ կամ չափահաս բնակչության 108 տոկոսը՝ ներառյալ օտարերկրացիները:

«Կորոնավիրուսի ազգային նպատակային խումբը ծայրաստիճան գոհ է համաշխարհային այս ռեկորդի արդյունքից եւ շնորհակալություն է հայտնում Նաուրուում բոլորին՝ երկրի անվտանգությունը պահպանելու գործում իրենց դերի համար»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ:

Նաուրուն AstraZeneca-ի պատվաստանյութերը ստացել է Covax գլոբալ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է աղքատ երկրներում իմունիզացիան խթանելուն։