Հայաստանում արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու ոչ թե ինչ-որ մեկի հայտարարությամբ, այլ հասարակական ճնշման ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե` չի պատրաստվում Հայաստանում անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Իսկ դուք ի՞նչ էիք սպասում, որ Սերժ Սարգսյանը պիտի ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեր, որ այո, ես հրաժարական եմ տալու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու: Դա ամենաանհավանական տարբերակն էր: Սերժ Սարգսյանին նման հարց տվողն էլ գիտեր, որ այդպես է պատասխանելու: Այդտեղ ինչ կա զարմանալու, որ դեռ մեկնաբանեմ»,-արձագանքեց Սարգսյանը: Նրա խոսքով` իշխանությունները քայլեր են անում հասարակության ճնշման ներքո, ստեղծված իրավիճակից ելնելով: «Էս իշխանությունները քաղբանտարկյալներին էլ բաց չէին թողնում, Ազատության հրապարակն էլ չէին տալիս, «Մարտի 1»-ի էջն էլ փակված էին համարում: Բայց ժամանակը վերջիվերջո ցույց տվեց, որ դա այդպես չէ»,-բորբոքված հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ` հունիսի 22-ին, ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրեց, թե չի՞ ցանկանում միանալ Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությանը, նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ եւ հեռանալ, քանի որ ավտորիտար ռեժիմները, ինչպիսին նաեւ Հայաստան է,  միեւնույն է, տապալվելու են: «Ո’չ, ես չեմ պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ դրա ոչ անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- արձագանքեց Սերժ Սարգսյանը: