Մեր երգարվեստի 90 տոկոսն այսօր ողբերգական վիճակի մեջ է, պետք է հեղաշրջում անել: Այս մասին այսօր` հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանը: Նա նշեց, որ բոլորը խոսում են, թե ինչու է մեր երգարվեստն այսպիսին, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ եւ ինչպես պետք է փոխել:
Սասուն Պասկեւիչյանն առաջարկում է, որ մասնագետները որոշեն, թե որ երգն է լավ, որը` վատը: «Տվեք ինձ այդ հենարանը, եւ ես կփոխեմ իրավիճակը: Ասեն` մենք քեզ թույլ ենք տալիս, էդ գործն արա: Բայց թույլ չեն տալիս»,- ասաց Սասուն Պասկեւիչյանը: Նրա համար երգը սովորական կյանք է եւ երբ չես տալիս լավը, վատը գլուխ է բարձրացնում:
Ասուլիսի մյուս բանախոսի` Կարինե Նալչաջյանի խոսքով, երաժշտության հուզականության կողմը շատ մեծ է, այն կարող է նաեւ բուժել, դրա օրինակն է արտթերապիան, որը կարող է հրաշալի արդյունքներ տալ: «Երաժշտությունը կարող է նաեւ վիրավորել, հոգեխոցել, այն անձ ձեւավորող հատկություն ունի»,- ասաց Կարինե Նալչաջյանը:



























