Կառավարությունն այսօր` հունիսի 23-ին կայացած նիստում ուժը կորցրած ճանաչեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին 2007 թ. ընդունված որոշումը:
Նշենք, որ արգելավայրում, ի տարբերություն արգելոցի, թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն իրականացնել:
«Գիլան» արգելավայրը զբաղեցնում էր 118 հա, այն ստեղծվել է Խոսրովի արգելոցի «Բայբուրդ» տեղամասում:
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրել է «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական եւ բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:
Այն բանից հետո, երբ արգելավայրում վեր խոյացավ «Դրախտիկ» անունը կրող շինությունը, բնապահպանական կազմակերպությունները բողոքի ձայն բարձրացրեց, քանի որ կասկածներ կային, որ շինությունը լինելու է ռեստորան կամ հյուրանոց:
2011թ. մայիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվեց հանդիպում- քննարկում, որին հրավիրված էին «Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում որոշվեց «Գիլան»-ին վերադարձնել պետական արգելոցի կարգավիճակ:
«Էկոլուրի» նախագահ Ինգա Զառաֆյանը NEWS.am-ի հետ զրույցում ողջունեց կառավարության որոշումը, սակայն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշման մեջ անորոշ է անավարտ շենքի ճակատագիրը: «Շինության կարգավիճակը պետք է հստակ համապատասխանի արգելոցի կանոնադրությամբ սահմանված պահանջներին»,- նշեց Ի. Զառաֆյանը:




























