ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է Ռուսաստանի գործողությունները Արկտիկայում՝ դրանք անվանելով «անօրինական ծովային նկրտումներ», հայտնում է Reuters-ը:
«Մենք ականատես ենք եղել, որ Ռուսաստանը ծովային անօրինական նկրտումներ է ներկայացնում, հատկապես Հյուսիսային ծովային ճանապարհով անցնող օտարերկրյա նավերի կարգավորումը, ինչը հակասում է միջազգային իրավունքին»,- Ռեյկյավիկում Իսլանդիայի արտգործնախարարի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բլինքենը:
Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արկտիկայի խորհրդի անդամ երկրներին առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ զինված ուժերի ղեկավարների հետ՝ ցանկացած առաջացող լարվածություն վերացնելու համար: Նա նաեւ հերքել է Արեւմտյան դաշինքի՝ Արկտիկայում ռուսական ռազմական ակտիվության աճի հետ կապված վախերը: «Բոլորին վաղուց քաջ հայտնի է, որ սա մեր տարածքն է, մեր հողը, եւ մենք պատասխանատու ենք Արկտիկայի՝ մեր ափերի անվտանգության ապահովման համար: Այն ամենը, ինչ այնտեղ ձեռնարկում է մեր երկիրը, միանգամայն օրինական է»,- ասել է նա:
Ըստ Բլինքենի, սակայն, Վաշինգտոնը մտահոգված է, որ «ռազմականացման աճը կհանգեցնի ավելի լուրջ խնդիրների»: «Դա մեծացնում է դժբախտ պատահարների եւ սխալ հաշվարկների ռիսկը եւ խարխլում է տարածաշրջանի խաղաղ եւ կայուն ապագայի ընդհանուր նպատակը»,- նշել է նա:
ԱՄՆ ռազմածովային ուժերն անցյալ տարի եվրոպական դաշնակիցների հետ 1980-ականների կեսերից ի վեր առաջին անգամ վարժանքներ են անցկացրել Բարենցի ծովում՝ Ռուսաստանից ոչ հեռու:
Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է իր կարգավորման սխեման ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպությանը, սակայն Ռուսաստանը դա դեռեւս չի արել:





























