Մալթան պատվաստել է չափահաս բնակչության 70 տոկոսին COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափով՝ դառնալով Եվրամիոթյան առաջին երկիրը, որը գրանցել է այսպես կոչված կոլեկտիվ իմունիտետ: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Քրիս Ֆեռնը, հաղորդում է Reuters-ը:
Միջերկրական կղզում վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվել է վիրուսով վարակվելու միջինում երեք նոր դեպք, ընդ որում՝ թեստերի դրական ցուցանիշները կազմել են 0,2 տոկոս:
«Պատվաստանյութերը ներարկվում են յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ անգամ»,-ասել է Ֆեռնը մամուլի ասուլիսի ժամանակ: «Չափահաս բնակչության քառասուներկու տոկոսը ստացել է երկու դեղաչափ»:
Ներկայում պատվաստումները հասանելի են Մալթայի 16 տարին լրացած բոլոր բնակիչների համար, եւ Ֆեռնն ասել է, որ 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես կպատվաստվեն, եթե եվրոպական բժշկական իշխանությունները հավանություն տան դրան:
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին կչեղարկվի բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը պատվաստված մարդկանց համար, քանի դեռ վիրուսով վարակվելու մակարդակը մնում է ցածր մակարդակում:
Ավելի վաղ առողջապահության մարմինները հայտարարել են, որ հունիսի 1-ից լողափերում դիմակների կարիքն այլեւս չի լինի:
Երկուշաբթի չեղարկվել են մարզասրահներ եւ լողավազաններ այցելելու սահմանափակումները, իսկ ռեստորանների աշխատաժամերը երկարաձգվել են՝ հասնելով կեսգիշերին: Մինչ այդ դրանք պետք է փակվեին 17:00-ին:





























