Սպիտակ տունն այս տարի կհրապարակի տեղեկատվություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առողջության մասին, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Օվալաձեւ կաբինետի տիրոջ օրվա եւ մարզումների ռեժիմի մասին հրապարակումները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բան չունեմ (պատմելու) նախագահի առանձին մարզումների մասին։ Բայց կարող եմ ասել, որ, նրա հետ բավական երկար եմ ճամփորդել, եւ երբեմն դժվար է եղել նրա հետեւից հասնել»,- նշել է Փսակին։ Ճշգրտող հարցին, թե երբ են հրապարակվելու նախագահի պլանային բուժզննման տվյալները, մամուլի քարտուղարը պատասխանել է. «Մենք դա կանենք այս տարի եւ ձեզ կներկայացնենք տրանսպարենտ տեղեկատվություն»։
Ինչպես գրում է The Washington Post թերթը, Բայդենն առավոտն սկսում է մարզումներից, ինչը երբեմն ներառում է ծանրությունների բարձրացում։ 2020թ. ընտրարշավի ժամանակ ապագա նախագահը հաճախ համատեղում էր հեծանվով զբոսանքները մոնիթոր ունեցող հեծանվատրենաժորով զբաղվելու հետ, ինչը թույլ է տալիս իսկական հեծանվազբոսանքի տպավորություն ստեղծել։ Սակայն օգնականները չեն ասում, թե կա արդյոք այս պահին նման մարզագույք Սպիտակ տանը։ Մոտ ժամը 09.00-ին նախագահը՝ ձեռքին դարչնագույն պորտֆելով եւ թղթապանակների տրցակով, գալիս է Օվալաձեւ կաբինետ, ինչից հետո սկսվում են խորհրդակցություններն աշխատակազմի կարեւոր աշխատակիցների հետ։
Ճաշին, պարբերականի տվյալներով, պետության ղեկավարը նախընտրում է ապուր եւ հավով աղցան, անտարբեր չէ նարնջի համով սպորտային ըմպելիքի կամ դիետիկ կոլայի հանդեպ։ «Բայց նա քաղցրի հակում ունի, օրինակ՝ շոկոլադով պաղպաղակի»,- նշում է թերթը։ Աշխատասենյակում դրված են իրիսկաներ եւ շոկոլադե թխվածքաբլիթներ, յուրաքանչյուրն՝ առանձին փաթեթով, կորոնավիրուսի պատճառով, որպեսզի հարմար լինեն այցելուների եւ անձնակազմի համար։





























