Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 24-ին ծանոթացել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի  Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրի ընթացքին, ինչպես նաեւ այցելել Արտաշարի վերականգնվող պոմպակայանի շինհրապարակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ծրագրով  հորատվում են նոր խորքային հորեր, վերականգնվում է ներտնտեսային ցանցը, ինչպես նաեւ իրականացվում են կոլեկտորների, ջրհավաքների եւ չորացուցիչների մաքրման ու խորացման, արտեզյան հորերի վերականգնման  եւ այլ աշխատանքներ: Փովարչապետին ներկայացվել է ծրագրի երկրորդ փաթեթի ընթացքը: Նշվել է, որ աշխատանքների հիմնական մասը կատարված է, ծրագիրը կավարտվի օգոստոսի վերջին: Ակնկալվում է, որ դրենաժային համակարգի վերականգնման արդյունքում կավելանան ոռոգելի հողատարածքները, կկարգավորվի ստորգետնյա ջրերի մակարդակը, կնվազի բնակավայրերի ջրածածկման վտանգը:

Ամբողջությամբ վերականգնված ու վերազինված Արտաշարի պոմպակայանը շահագործման կհանձնվի մինչեւ օգոստոսի կեսերը: Այս ընթացքում գործել է ժամանակավոր պոմպակայանը:  

Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ծրագրերի ավարտին նկատելի կբարձրանա ոռոգման կազմակերպման արդյունավետությունը, ինչն անմիջականորեն կանդրադառնա դաշտավայրի գյուղացիական տնտեսությունների գործունեության վրա: