ԱԺՄ վարչության անդամ Լյուդվիգ Խաչատրյանը օրերս լքել է կուսակցությունը: Վերջինս հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում իր հեռացումը պայմանավորեց «միմիայն Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ տարբեր տեսաակետներ ունենալու եւ արտահայտելու փաստով»: Ըստ Խաչատրյանի՝ հայ-թուրքական հարաբերությունները այնպիսի հարց է, որի հետ հենց այնպես համակերպվել չի կարելի։
«Ես դեմ եմ արձանագրություններին եւ հայ-թուրքական սահմանի բացմանը՝ այդ պատճառով էլ դուրս եկա վարչության անդամությունից»,- հավաստիացրեց ԱԺՄ նախկին անդամը` ընդգծելով իր ԱԺՄ կուսակցության յոթ հիմնադիրներից լինելու եւ Վազգեն Մանուկյանի վաղեմի ընկերը լինելու հանգամանքները։
«Մենք Վազգեն Մանուկյանի հետ շատ հարցեր ենք քննարկել, սակայն գալիս է մի պահ, որ մարդ իրավունք ունի նաեւ սեփական որոշումը կայացնել։ Վազգեն Մանուկյանը ամենամեծ հետաքրքրական դեմքերից է, ուղղակի մեր տեսակետները չեն համընկնում։ Այս տարաձայնությունները չեն ազդի մեր հարաբերությունների վրա»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺՄ կուսակցության նախագահը վերջերս Հանրային Խորհրդի նախագահ դարձած ու հայ-թուրքական արձանագրությունները կրծքով պաշտպանող Վազգեն Մանուկյանն է:




























