ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող  ու բեղմնավոր աշխատանք եւ պատրաստակամություն հայտնել ծավալել արդյունավետ երկկողմ համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Պոնորացը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ամրապնդելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Այնուհետեւ, կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության տեսանկյունից առավել նպատակահարմար ուղղությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, մետալուրգիայի, արեւային էներգետիկայի, հանքարդյունաբերության, կանաչ գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության եւ այլ ոլորտներ։

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու եւ երկուստեք զբոսաշրջային հոսքն ակտիվացնելու խնդրին։    

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող մի շարք այլ հարցեր: