Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են Իտալիայի ամենահետախուզվող թմրաբարոններից մեկին՝ «Նդրանգետա» հանցավոր խմբավորումից, որը երկու տարի առաջ փախել էր Ուրուգվայի բանտից:

1994 թվականից Իտալիայի իշխանությունների կողմից հետախուզվող Ռոկո Մորաբիտոն ձերբակալվել է Բրազիլիայի հյուսիսում՝ մի քանի գործակալությունների մասնակցությամբ երկամյա հետախուզումից հետո, ասվում է Իտալիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ: Նրա հետ միասին ձերբակալվել է թմրանյութերի վաճառքի մեջ մեկ այլ կասկածվող՝ Վինչենցո Պասկուինոն:

54-ամյա Մորաբիտոն Իտալիայի ամենախուզվողների ցուցակի երկրորդ ամենավտանգավոր հանցագործն է՝ Մատեո Մեսինա Դենարոյից հետո, որը համարվում է սիցիլիական մաֆիայի «շեֆերի շեֆը» եւ հետախուզվում է 1993 թվականից:

Մինչ 2017 թվականի ձերբակալությունը Մորաբիտոն ապրում էր Ուրուգվայում: Ձերբակալությունից երկու տարի անց նա փախել էր բանտից:

Գործողությանը, որը համակարգվում էր Իտալիայի հյուսիսային Թուրին եւ հարավային Ռեջո Կալաբրիա քաղաքների մաֆիայի դեմ պայքարի դատախազների կողմից, ներգրավված էին նաեւ Ինտերպոլը, բրազիլական ոստիկանությունը, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն, ինչպես նաեւ իտալական կարաբիներները: