Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում, հայտարարել է, որ ի պատասխան Արեւմուտքի պատժիչ քաղաքականության՝ Բելառուսը պատրաստ է մտցնել տարանցման սահմանափակումներ Արեւմուտքի երկրների համար, տեղեկացնում է «СБ. Беларусь сегодня» թերթը։
«Մենք կարող ենք պաշտպանել մեր քաղաքացիներին եւ մեր ձեռնարկությունները։ Նախագահի հանձնարարությամբ կառավարությունը պատրաստել է հատուկ պաշտպանական միջոցների համալիր՝ մեր օրենսդրությանը լիովին համապատասխանությամբ։ Միջոցները կլինեն բավական ցավոտ այն երկրների համար, որոնք բացահայտ թշնամական դիրք են որդեգրել՝ ապրանքների ներկրման էմբարգոյից մինչեւ տարանցման սահմանափակում»,- ասել է Գոլովչենկոն։
Բելառուսի վարչապետը մասնակցել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ խորհրդարանականներին ուղղված դիմումին։





























