Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել աֆրիկացիներից Ռուանդայում 1994 թվականին թութսիների ցեղասպանության գործում երկրի դերի համար, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի ղեկավարը ելույթ է ունեցել Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի հուշահամալիրում, որտեղ թաղված է թութսիների ոչնչացման ավելի քան 250.000 զոհ: «Այս ուղու վրա միայն նրանք, ովքեր անցել են այդ գիշերը, գուցե կարող են ներման պարգեւ տալ մեզ»,- ասել է նա:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան չանսաց Ռուանդայում հնարավոր ջարդի մասին նախազգուշացումներին եւ փաստացի աջակցեց ցեղասպանության ռեժիմին: Սակայն Փարիզը հանցակից չէր աֆրիկյան երկրում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին, շեշտել է նախագահը:
2020 թվականի մայիսի 16-ին Ֆրանսիայում ձերբակալվել էր գործարար Ֆելիսիեն Կաբուգան, ով մեղադրվում է թութսիների ցեղասպանությանը մասնակցության մեջ: 84-ամյա տղամարդը 26 տարի թաքնվում էր արդարադատությունից եւ կեղծ անունով ապրում էր Ասնիեր-սյուր-Սեն քաղաքում: Երկրի գլխավոր դատախազ Սերժ Բրամերցը հայտարարել է, որ Կաբուգայի ձերբակալությունը, ով համարվում է ցեղասպանության գլխավոր հովանավորներից մեկը, «հիշեցնում է, որ հանցագործները կարող են պատասխանատվության ենթարկվել նույնիսկ հանցագործությունների կատարումից 26 տարի անց»:





























