Եվրամիությունը կդիտարկի Բելառուսի կալիումական պարարտանյութերի արտահանման, ինչպես նաեւ դրա նավթային եւ ֆինանսական հատվածների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով, հայտարարել են ԵՄ արտգործնախարարները:
ԵՄ ԱԳ ղեկավարները, ովքեր հինգշաբթի հավաքվել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, հայտարարել են, որ ուսումնասիրում են Բելառուսի տնտեսության մեջ առանցքային դեր ունեցող հատվածների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին «իսկապես պատժելու» համար:
«Ինքնաթիռի առեւանգումը եւ երկու ուղեւորների ձերբակալումը լիովին անընդունելի են, եւ մենք կսկսենք քննարկել ոլորտային ու տնտեսական պատժամիջոցների կիրառումը»,- Լիսաբոնում ոչ պաշտոնական հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Կարծում եմ, որ առանցքային ոլորտը կալիական պարարտանյութերն են: Մենք գիտենք, որ Բելառուսը մեծ քանակությամբ կալիում է արտադրում, նա աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է, եւ կարծում եմ, որ Լուկաշենկոյի համար շատ ցավալի կլինի, եթե մենք ինչ-որ բան անենք այս ուղղությամբ»,- ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, հաղորդում է Reuters-ը:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դիտարկի նավթային հատվածին հարվածելու հարցը, իսկ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը խոսել է ֆինանսական գործարքների վերաբերյալ միջոցառումների մասին, որոնք, ըստ դիվանագետների, կկանխեն բելառուսական բանկերին վարկերի տրամադրումը:
Պարարտանյութերում օգտագործվող կալիումական աղի արտահանումը Բելառուսի համար արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկն է, իսկ «Բելառուսկալիյ» պետական ընկերությունը հայտարարում է, թե արտադրում է աշխարհի մատակարարումների 20 տոկոսը:
ԵՄ վիճակագրական գործակալությունը հաղորդել է, որ անցյալ տարի միությունը Բելառուսից ներմուծել է 1,2 միլիարդ եվրոյի քիմիական նյութեր, այդ թվում՝ կալիում, ինչպես նաեւ ավելի քան 1 միլիարդ եվրոյի հում նավթ եւ հարակից ապրանքներ, ինչպիսիք են վառելիքներն ու քսանյութերը:
Եվրոպան արդեն քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի իր ավիաընկերություններին օգտագործել Բելառուսի օդային տարածքը, եւ թույլ չտա բելառուսական ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք։





























