Եգիպտոսը Իսրայելին, ՀԱՄԱՍ-ին եւ պաղեստինյան վարչակազմին առանձին բանակցությունների է հրավիրել՝ ուղղված Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 11-օրյա պատերազմին վերջ դրած հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով եգիպտական հետախուզության ներկայացուցչին: Բանակցությունները կկենտրոնանան նաեւ Գազայում վերականգնման գործընթացն արագացնելու վրա:

«Մենք ձգտում ենք երկարաժամկետ զինադադարի, որը թույլ կտա հետագա քննարկումներ եւ, հնարավոր է, ուղիղ բանակցություններ անցկացնել»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթ, եւ Իսրայելը տվել է իր նախնական հավանությունը, բայց վերջնական օրակարգը դեռ մշակման փուլում է: Նա նշել է, որ խոսվում է Իսրայելում պաղեստինցի գերիների հնարավոր ազատման մասին, որոնք կփոխանակվեն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցիների հետ: Երեկ երկու հարցերն էլ քննարկվել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ կառավարությունը սերտորեն համագործակցում է եգիպտացի պաշտոնյաների հետ՝ «հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար», բայց չի հաստատել, թե արդյոք առաջիկայում իսրայելցի պաշտոնյաները ներկա կլինեն լրացուցիչ պաշտոնական բանակցություններին:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Աբդելատիֆ ալ-Քանուն հաստատել է, որ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան հաջորդ շաբաթ կայցելի Կահիրե:

Նա նշել է, որ Կահիրեում ընթացող բանակցություններում կքննարկվեն նաեւ պաղեստինյան միասնության հասնելու ուղիները՝ Գազայի եւ Իսրայելի կողմից գրավված Արեւմտյան ափերի բնակիչների միջեւ: