Հետախուզության աշխատակիցները Սպիտակ տանը հայտնել են, որ իրենց մոտ մեծ քանակությամբ չհետաքննված ապացույցներ կան COVID-19-իծագման վերաբերյալ:

Ըստ New York Times-ի՝ պաշտոնյաները նախատեսում են համակարգչային վերլուծություն կատարել՝ պարզելու համար՝ արդյոք վիրուսը պատահաբար է արտահոսել Ուհանի լաբորատորիայից՝ հետեւելով լաբորատորիայի աշխատակիցների տեղաշարժերին եւ ուսումնասիրելով բռնկման օրինաչափությունները:

Նախագահ Ջո Բայդենը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարել է 90 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Times-ին ասել էր, որ դաշնային կառավարությունն օգտագործում է ազգային լաբորատորիաները եւ այլ գիտական ռեսուրսներ, որոնք նախկինում ներգրավված չեն եղել այդ ջանքերում:

Այս շաբաթ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական զեկույցը, հաղորդել էր, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք հետազոտող հոսպիտալացվել էր 2019-ի նոյեմբերին, ինչը բորբոքում է հակասությունները, որ վիրուսը կարող էր առնվազն մեկ ամիս շուտ տարածվել, քան ավելի վաղ հայտնել էր Չինաստան: