Դաշնային դատախազությունը հետաքննում է Ուկրաինայի ներկա եւ նախկին պաշտոնյաների ապօրինի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Քրեական հետաքննությունը պարզում է՝ արդյոք ուկրաինացի պաշտոնյաներն օգտագործել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի այն ժամանակվա անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին ներկայիս նախագահ Ջո Բայդենի վերաբերյալ մոլորեցնող պնդումներ տարածելու համար:

Հետաքննությունը, որը սկսվել էր Թրամփի կառավարման վերջին ամիսներին, իրականացվում է Բրուքլինում դատախազության դաշնային գրասենյակի կողմից եւ կապված չէ  Ջուլիանիի գործարքների վերաբերյալ Ուկրաինայում ընթացող քրեական հետաքննության հետ:

Պարբերականը նշում է, որ Նյու Յորքի Արեւելյան շրջանում ԱՄՆ դատախազությունն ուսումնասիրում է՝ արդյոք ուկրաինացի պաշտոնյաները փորձել են ազդել ընտրությունների վրա՝ մի շարք ալիքներով Բայդենի դեմ կոռուպցիայի մեղադրանքներ տարածելով: Բայդենը հերքում է ցանկացած խախտում:

Հետաքննության շրջանակներում կասկածվողներից մեկն Ուկրաինայի խորհրդարանի անդամ Անդրեյ Դերկաչն է:
Նախկինում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Դերկաչի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել՝ նրան «ակտիվ ռուսական գործակալ» անվանելով:

Ջուլիանիի՝ ուկրաինացի օլիգարխների հետ գործարքները Թրամփի փաստաբանի պաշտոնում գտնվելու ընթացքում Մանհեթենի դաշնային դատախազության հետաքննության առարկա են դարձել: Ապրիլին դաշնային գործակալները խուզարկել էին նրա տունն ու գրասենյակը՝ առգրավելով հեռախոսներն ու համակարգիչները: