Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փուչիկներ էր կապել իր շանը, «որպեսզի ստիպի նրան թռչել»,- տեղեկացնում է BBC-ն։
32-ամյա Գաուրավ Շարման տեսանյութ է նկարահանել, որտեղ շանը փուչիկներ են կապված. նա բաց է թողնում շանը, որն օդ է բարձրանում։ Մի քանի վայրկյան անց ինչ-որ մեկը տան երկրորդ հարկի պատշգամբում որսում է շանը։ Շարման հավաստիացնում է, որ պահպանել է անվտանգության բոլոր միջոցները, բայց տեսանյութը հանել է սոցիալական ցանցերում բացասական արձագանքներից հետո։ Նա տեսանյութը տեղադրել էր իր YouTube ալիքում, որն ավելի քան չորս միլիոն բաժանորդ ունի։
Ոստիկանությունը ձերբակալել է Շարմային նրա դեմ կենդանիների պաշտպանության կազմակերպությունից բողոք ստանալուց հետո։
Տեսահոլովակում Շարման կանգնած է ավտոմեքենայի տանիքին, իսկ նրա շունը կապված է հելիումով լցված փուչիկներին։ Ինչ-որ պահի նա բաց է թողնում շանը, եւ վերջինն սկսում է մի քիչ սավառնել երկնքում՝ մինչեւ շենքի երկրորդ հարկը։ Ինչ-որ մեկը որսում է շանը։
Ավելի ուշ Շարման ներողություն է խնդրել եւ բացատրել, որ «անվտանգության բոլոր միջոցներին» հետեւել է Դոլար անունով իր շանը նկարահանելիս։





























