Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Նա ասել է, որ ցանկանում է օգնել լուծել հակասությունները, որոնք ավելացել են կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Շտայնմայերն իր մտադրության մասին հայտարարել է խորհրդարանական ընտրություններից չորս ամիս առաջ, ինչը որոշիչ ազդեցություն կունենա զբաղեցրած պաշտոնը պահպանելու հարցում, փոխանցում է AP-ն:

Առաջիկա տարվա փետրվարին խորհրդարանի ստորին պալատի անդամներից եւ գերմանական 16 հողերի ներկայացուցիչների ժողովը կընտրի հաջորդ նախագահին: Շտայնմայերի ներկայիս ժամկետը լրանում է 2022 թվականի մարտին:

Նախագահ դառնալուց առաջ Շտայնմայերը երկու անգամ աշխատել է որպես արտաքին գործերի նախարար, իսկ ավելի վաղ եղել է կանցլեր Գերհարդ Շրյոդերի աշխատակազմի ղեկավարը:

Գերմանիայի նախագահը քիչ գործադիր իշխանություն ունի, բայց կարեւոր բարոյական հեղինակություն է համարվում: 2017-ի անհաջող խորհրդարանական ընտրություններից հետո Շտայնմայերն օգնել է քաղաքական գործիչներին նոր կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

«Նախագահը քաղաքական ուղղությունը չի որոշում, ես դա լավ գիտեմ, բայց նախագահը կարող է կամուրջներ կառուցել»,- ասել է Շտայնմայերը: