Հայտարարությունը, որ ԱՄՆ-ը չի վերադառնա Բաց երկնքի պայմանագրին (ԲԵՊ), լավագույն մթնոլորտը չի ստեղծում հունիսի 16-ին Շվեյցարիայում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումից առաջ: Այս մասին Վիեննայում ռազմական անվտանգության ու սպառազինության վերահսկման հարցերի շուրջ բանակցություններում հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:

«Սա լավագույն մթնոլորտը չէ [ՌԴ եւ ԱՄՆ] գագաթաժողովից առաջ, երբ հայտարարվեց, որ ամերիկացիները չեն միանա [ԲԵՊ-ին]»,- ուրբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է նա:

«Մենք բազմիցս կոչ ենք արել մեր եվրոպացի գործընկերներին համոզել ամերիկացիներին վերադառնալ պայմանագիր: Ոչ մի արդյունք»,- ասել է դիվանագետը:

Հինգշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադառնալ Բաց երկնքի պայմանագիր:

Պուտինը եւ Բայդենը կհանդիպեն Ժնեւում՝ հունիսի 16-ին: Սա կլինի առաջին ռուս-ամերիկյան գագաթաժողովը՝ 2018-ի հուլիսին Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպումից հետո: