Մալիի Սահմանադրական դատարանը երեկ երեկոյան Բա Նդաոյի հրաժարականից հետո Ասիմի Գոիտային ներկայացրել է որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա լիազորությունները կերկարաձգվեն մինչեւ անցումային շրջանի ավարտը, գրել է Սենհուա-ն:
Մալիի Սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում, նրա պարտականությունները պետք է ստանձնի խորհրդարանի նախագահը: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը նշել է, որ քանի որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թափուր է, այն կզբաղեցնի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր գրասենյակի առաջարկությամբ:
Մայիսի 28-ին, Մալիում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, Ասիմի Գոիտան հայտարարել է, որ անցումային կառավարության ղեկավարի պաշտոնի համար թեկնածու է առաջադրվելու «Հունիսի 5-ի շարժում. հայրենասիրական ուժերի միավորման» կողմից: Նա լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին նշանակելու է վարչապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար, որը պատասխանատու կլինի ներառական անցումային կառավարություն ստեղծելու համար հասարակական բոլոր խմբերի լայն խորհրդակցության համար:
2020 թվականի օգոստոսին Մալիում տեղի է ունեցել ռազմական ապստամբություն: Նույն թվականի սեպտեմբերին զինվորականների կողմից ստեղծված «Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն» հայտարարել է, որ պաշտպանության նախկին նախարար Բա Նդաոն նշանակվելու է երկրի նախագահ անցումային շրջանի համար, իսկ կոմիտեի նախագահ Ասիմի Գոիտան՝ փոխնախագահ:
Մայիսի 24-ին Բա Նդաոն հրաման է ստորագրել նոր անցումային կառավարության կազմի վերաբերյալ, որում չեն ընդգրկվել «Ժողովրդի փրկության ազգային կոմիտեի» երկու նախկին անդամներ: Դրանից հետո Բա Նդաոյին եւ վարչապետ Մոկթար Ուանին հասցրել են Բամակոյից 15 կմ հեռավորության վրա գտնվող ռազմաբազա «խորհրդակցությունների» համար: Ասիմի Գոիտան մայիսի 25-ին հայտարարել է, որ նախագահն ու վարչապետը ազատվել են իրենց պաշտոններից, որպեսզի Մալիում քաղաքական անցումը սահուն լինի: Մայիսի 26-ին զինվորականները հայտարարեցիլ են, որ Բա Նդաոն եւ Մոկթար Ուանը հրաժարական են տվել:





























