Գերմանիայի կառավարական կոալիցիայի կուսակցությունները մտադիր են հանդես գալ նախաձեռնությամբ՝ երկրում ՀԱՄԱՍ-ի դրոշն արգելելու մասին, դա փաստարկելով նրանով, որ ԵՄ-ում ՀԱՄԱՍ-ը ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն, գրում է DW-ն։
Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցության իրավական քաղաքականության հարցերի գծով փորձագետ Յոհաննես Ֆեհների խոսքով՝ այդ արգելքը նախատեսվում է մտցնել հունիսին։ «Մենք այդ հարցը քննարկում ենք Քրիստոնեա-դեմոկրատական միության հետ, որոշումը կարող է ընդունվել արդեն հունիսի սկզբին»,- նշել է Ֆեհները։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), ըստ Ֆեհների, ներկայում ուսումնասիրում է, թե արդյոք կարելի է քրեական օրենսգրքի 86 «ա» հոդվածն ընդլայնել այնպես, որ այն արգելի ոչ միայն հակասահմանադրական, այլ նաեւ ահաբեկչական կազմակերպությունների խորհրդանշանների օգտագործումը։ Չէ՞ որ անգամ, օրինակ, ահաբեկչական կազմակերպության դրոշի «ցուցադրումը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը», ընդգծել է ԳՍԴԿ փորձագետը։





























