Հյուսիսային Կորեայում հրամայել են ոչնչացնել կատուներին եւ աղավնիներին՝ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են նման միջոցների, քանի որ կարծում են, թե հենց կատուներն ու աղավնիներն են փոխանցում Covid-19-ը Չինաստանի հետ սահմանից, գրում է The Mirror-ը։
Հյուսիսային Կորեայի 37-ամյա ղեկավարը պատերազմ է հայտարարել կենդանիներին՝ վախենալով, որ դրանք են փոխանցում մահացու վիրուսը Չինաստանի սահմանից։ Սահմանամերձ քաղաքների ու գյուղերի բնակիչները տեսել են, թե ինչպես են կրակում թռչուններին եւ կատուներին փողոցներում։
Հայտնի է նաեւ, որ Հեսան քաղաքից մի ընտանիք, որը հրաժարվել էր հանձնել իր կատվին, իշխանությունների կողմից 20 օրով մեկուսացվել է։ Իսկ կատուն առգրավվել է։
Մայիսի սկզբին Հյուսիսային Կորեայում քաղաքացիներին զգուշացրել էին Հարավային Կորեայից տարածվող քարոզչաթերթիկներից վարակվելու ռիսկի մասին։
Հյուսիսային Կորեան հավաստիացնում է, որ համավարակի ժամանակ չի գրանցվել Covid-19 հիվանդության ոչ մի հաստատված դեպք, իսկ դրա կասկած գրանցվել է միայն մեկ անգամ։ Երկրում քանիցս հայտարարել են, որ արտաքին օգնության կարիք չունեն։





























