Բուլղարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները դուրս են եկել վերահսկողությունից: Պլովդիվի մերձակա գյուղերից մեկում զորավարժությունների ժամանակ ամերիկացի զինվորները, ինքնաձիգներով եւ գնդացիրներով, ներխուժել են ձիթապտղի յուղի վերամշակման համար սարքավորումների պատրաստման մասնավոր արտադրամաս, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ձեռնարկության աշխատակիցների խոսքով՝ զինվորականները մագլցել են պատի վրայով, բոլորին հրամայել են անշարժանալ, եւ խմբերի բաժանվելով՝ սկսել են ստուգել բոլոր տարածքները: Անվտանգության տեսախցիկները նկարահանել են յոթ զինվորի գործողությունները: Եւս տասներկուսը դրսից են հսկել արտադրամասը:

Արտադրամասի տերերը վրդովվել են մասնավոր սեփականության տարածք ամերիկացի զինվորականների ներխուժումից եւ դատական հայց են ներկայացրել: Ավելին, նրանք ասել են, որ ներողություն են ակնկալում պաշտպանության նախարարությունից: