Կիպրոսի Հանրապետության միապալատ խորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին։ Երկրի իշխանության գլխավոր օրենսդիր մարմինն ընտրվում է հնգամյա ժամկետով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կղզում բացվել են 1 166 ընտրատեղամասեր, որոնցից 160-ը նախատեսված է ընտրողների համար, որոնք դասվում են հայկական համայնքին, մարոնիտներին եւ լատինական ծիսակարգի կաթոլիկներին։ Այդ համայնքներից յուրաքանչյուրը ընտրելու է խորհրդարանի մեկ պատգամավոր, ընդ որում՝ Կիպրոսի խորհրդարաում հայ համայնքի բազմամյա ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ընտրվում է այլընտրանք չունեցող հիմքով։
Բացի այդ, վեց տեղամաս է բացվում Հունաստանում կիպրացի ընտրողների համար։ Դրանք կաշխատեն նույն ժամանակացույցով, ինչպես եւ Կիպրոսում՝ 07:00-18:00-ն։ Եւս չորս ընտրատեղամաս բացվում է Լոնդոնում եւ կգործի մինչեւ 16:00-ն․ հաշվի առնելով Նիկոսիայի եւ Լոնդոնի միջեւ երկժամյա տարբերությունը՝ Մեծ Բրիտանիայում քվեարկությունը կդադարի Կիպրոսի հետ միաժամանակ։
Միջերկրածովյան կղզում ընտրություններին առնչվող աշխատանքներում ներգրավված է 7 800 մարդ, այդ թվում՝ 2 100 ոստիկան։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան արդեն երեկոյան։
Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչներն ունեն 80 տեղ, որոնց 70 տոկոսը (56 մանդատ) տրվում է կղզու հույն-կիպրացիների համայնքին, մնացած 30 տոկոսը (24 մանդատ)՝ թուրքական համայնքին։ Սակայն վերջինս չի մասնակցում Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի ընտրություններին 1964 թվականից եւ այդ 30 տոկոս տեղերը համարվում են թափուր։ Ուստի պայքարը կծավալվի 56 տեղի համար։ Դրանց հավակնում է 658 թեկնածու, որոնցից 651-ը 15 կուսակցությունների, շարժումների կամ քաղաքական դաշինքների ներկայացուցիչներ են, իսկ մնացած յոթն անկախ առաջադրված գործիչներ են։ Թեկնածուների շուրջ 25 տոկոսը կանայք են (160 մարդ)։
Ներկայում Կիպրոսում գրանցված է 557 589 ընտրող։ Փորձագետները կանխատեսում են քվեարկության դեմ բողոքի բարձր տոկոս եւ ընտրողների ցածր մասնակցություն։ Նրանք նաեւ կանխատեսում են «Ժողովրդավարական հավաք» իշխող աջակողմյա կուսակցության հաղթանակը։