Մինսկի օդանավակայանում բերման ենթարկված ընդդիմադիր Ռոման Պրոտասեւիչը գտնվում է ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում Մինսկում, հարազատները նրան առաջին անգամ իրեր են փոխանցել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռոման Պրոտասեւիչը տեղափոխվել է ԱԱԾ-ի քննչական մեկուսարան։ Հայտնի է նաեւ, որ նրա քրոջից առաջին անգամ իրեր են ընդունել նրա համար, սակայն դրանից հանել են գիրքը»,-նշված է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ։
Մայիսի 27-ին Պրոտասեւիչին այցելել էր փաստաբան Ինեսա Օլենսկայան, սակայն չբացահայտման մասին ստորագրության պատճառով, որը նա տվել էր քննությանը, չէր կարող ասել՝ որտեղ է նա գտնվում եւ ինչում է մեղադրվում։
Պրոտասեւիչը NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիրն է եւ «Բելառուս գոլովնովո մոզգա» տելեգրամյան ալիքի գլխավոր խմբագիրը, որոնք Բելառուսում ճանաչվել են որպես ծայրահեղական կազմակերպություններ։ Նա գտնվել է Ryanair ընկերության ինքնաթիռի ուղեւորների շարքում, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում ականապատման հաղորդագրությունների պատճառով։ Բլոգերը բերման էր ենթարկվել, քանի որ ընդգրկվել էր Բելառուսում ահաբեկչության մեջ ներգրավված անձանց ցուցակում։





























