Նավը, որն անվանվել է թագուհի Ելիզավետա II-ի ամուսնու՝ ապրիլին կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի պատվին, կներկայացնի Մեծ Բրիտանիան Բրեքզիթից հետո համաշխարհային առեւտրային առաքելություններում։ Ենթադրաբար, դրա շինարարության համար կհատկացվի շուրջ 200 միլիոն ֆունտ ստերլինգ (284 միլիոն դոլար)։ Այդ մասին գրում է Express-ը։
Նավը, որը համարվում է դեռեւս 1997 թվականին շահագործումից հանված Britannia թագավորական նավի հետնորդը, կօգտագործվի Թագավորական ընտանիքի, ներկայիս վարչապետի, դիվանագետների եւ առեւտրային պատվիրակությունների կողմից։
«Նոր պաշտոնական նավը կդառնա առաջին նավն իր տեսակում, որն արտացոլում է Մեծ Բրիտանիայի աճող կարգավիճակը՝ որպես հզոր եւ անկախ ծովային տերություն»,-հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նախորդ Թագավորական նավը՝ HMY Britannia-ն, որն առաջին անգամ ջրի վրա էր հայտնվել 1953 թվականին, 44 տարվա ծառայության ընթացքում անցել է ավելի քան մեկ միլիոն մղոն՝ հանգրվանելով 135 երկրների ավելի քան 600 նավահանգիստներում։





























