Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման (հութիներ) Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ հերթական հարվածի մասին: Սարիայի հայտարարությունները մեջբերում է Al Masirah հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հութիների զինված ուժերի ներկայացուցչի խոսքով` երկուշաբթի առավոտյան Խամիս Մուշայթ (Ասիր նահանգ) գյուղի տարածքում գտնվող Սաուդյան Արաբիայի ուժերի ավիաբազան կրակահերթի տակ է ընկել: Հաղորդվում է, որ «ճշգրիտ» հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ եւ պատասխան է եղել Եմենի նկատմամբ թագավորության գործողություններին:

Հնարավոր զոհերի կամ պատճառված վնասի վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում:

Եմենում 2014-ի օգոստոսից շարունակվում է առճակատումը կառավարական ուժերի եւ հութիների զինված կազմավորումների միջեւ: Այն իր ամենաակտիվ փուլը մտավ 2015-ի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի` երկիր ներխուժմամբ: Ավելի քան հինգ տարի տեւած հակամարտությունն աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամի պատճառ դարձավ: Ըստ ՄԱԿ-ի` ավելի քան 24 միլիոն եմենցի` երկրի բնակչության մոտ 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը: