ՆԱՏՕ-ին կից բելառուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների մուտքը դաշինքի գրասենյակ կսահմանափակվի՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք որոշել ենք սահմանափակել բելառուսական անձնակազմի մուտքը ՆԱՏՕ-ի գրասենյակ»,- ասել է Սթոլթենբերգը մամուլի ասուլիսում՝ չմանրամասնելով իր խոսքերը:
ՆԱՏՕ-ն եւ Բելառուսը հարաբերությունների սկիզբը դրվել է 1992 թվականին, իսկ 1998-ի ապրիլից երկիրը ՆԱՏՕ-ին կից դիվանագիտական առաքելություն ունի:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում՝ ականապատման մասին հաղորդագրության պատճառով: Օդանավում եղել է Nexta Telegram-ալիքի հիմնադիրներից մեկը՝ Ռոման Պրոտասեւիչը, որին Բելառուսի իշխանությունները համարում են ծայրահեղական: Պրոտասեւիչը կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի, այդ թվում` «զանգվածային անկարգությունների կազմակերպման» հոդվածով: Ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սոֆյա Սապեգան:
Այս միջադեպը հարուցել է ԵՄ առաջնորդների վրդովմունքը, որոնք կոչ են արել ընդլայնել պատժամիջոցները Մինսկի դեմ, արգելել բելառուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա, իսկ միջազգային ավիաընկերություններին հորդորել են շրջանցել Բելառուսի օդային տարածքը: Եվրոպական մի շարք ավիաընկերություններ հայտարարել են դեպի Բելառուս չվերթները դադարեցնելու մտադրության մասին:





























