Ամերիկյան զինվորականները մոտ20 օր հետո Բաղրամի ավիաբազան կհանձնեն աֆղանական ուժերին:

Այս բազան ամենամեծ ռազմական օբյեկտն է, որն օգտագործվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Աֆղանստանում:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք կհանձնենք Բաղրամի ավիաբազան»,- AFP-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը` չնշելով, թե երբ է տեղի ունենալու հանձնումը:

Աֆղանստանի անվտանգության մի պաշտոնյա ասել է որ հանձնումը սպասվում է մոտ 20 օրից, իսկ պաշտպանության նախարարությունը ստեղծել է հատուկ հանձնաժողովներ՝ գործընթացը ղեկավարելու համար:

Բազայում տեղակայված է բանտ, որտեղ երկար տարիների ընթացքում պահվել են հազարավոր թալիբներ եւ ջիհադականներ:

Վաշինգտոնը մինչեւ մայիսի 1-ը արդեն մի քանի ռազմաբազաներ է փոխանցել աֆղանական ուժերին:

Անցյալ ամիս ԱՄՆ-ն ավարտել է Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահարի օդանավակայանից ռազմական տեխնիկայի դուրսբերումը, որը ժամանակին երկրի մեծությամբ երկրորդ օտարերկրյա ռազմաբազան էր: