Ուգանդայում աշխատանքի եւ տրանսպորտի նախարարի վրա մահափորձի ժամանակ սպանվել է նրա դուստրը եւ վարորդը, իսկ ինքը` պաշտոնյան, վիրավորվել է:

Ըստ Reuters-ի` մոտոցիկլետներով չորս հարձակվողները կրակել են աշխատանքի եւ տրանսպորտի նախարար Կատումբա Վամալային տեղափոխող ավտոմեքենայի վրա:

Նախագահ Յովերի Մուսեվենին դատապարտել է հարձակումը` դրա համար մեղադրելով ահաբեկիչներին եւ «կյանքը չգնահատող խոզերին»:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է նաեւ տեղի բնակիչը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում:

Վամալան զբաղեցնում էր Ուգանդայի ոստիկանապետի պաշտոնը:

Վերջին տարիներին երկրում բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի սպանություն եւ խորհրդավոր մահեր են տեղի ունեցել, որոնք ենթադրություններ են ծնել հանցագործների եւ նրանց դրդապատճառների մասին: Զոհեր են դարձել մի պատգամավոր, ոստիկանության ավագ սպան, երկրի գլխավոր դատախազը, մահմեդական բարձրաստիճան ղեկավարներ եւ այլոք: Գրեթե բոլորը սպանվել են մոտոցիկլետներով անհայտ անձանց կողմից:

Վամալայի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայրաքաղաքի նույն արվարձանում, որտեղ 2017-ին մոտոցիկլետով զինված անձինք կրակել էին ոստիկանության ավագ սպային տեղափոխող ավտոմեքենայի վրա, ով ղիր թիկնազորի ու վարորդի հետ միասին սպանվել էր: