Սպիտակ տունը՝ Նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ամերիկյան հետախուզական համայնքի գործունեության համար ընդհանուր 85.5 միլիարդ դոլար է խնդրել  ԱՄՆ Կոնգրեսից 2022 ֆինանսական տարվա համար, որը սկսվում է այս տարվա հոկտեմբերի 1-ից: Ինչպես երեքշաբթի հաղորդել էր Պենտագոնի մամուլի ծառայությունը, վարչակազմը կցանկանար 23.3 միլիարդ դոլար ստանալ միայն Ռազմական հետախուզական ծրագրի  (Military Intelligence Program, MIP) իրականացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս գումարն ապահովում է պաշտպանության նախարարի ռազմավարական գերակայությունների իրականացումը,- ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ:- MIP-ի ֆինանսավորման կամ այս ծրագրի մանրամասների վերաբերյալ որեւէ այլ տեղեկատվություն չի ներկայացվի հանրությանը, քանի որ այն ազգային անվտանգության նկատառումներով գաղտնի է պահվում»:

Անցյալ ուրբաթ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի գրասենյակը հայտարարել էր, որ նախատեսում է 62.3 միլիարդ դոլար ստանալ երկրի բոլոր մյուս հետախուզական գործակալությունների կարիքների համար: Այդ գումարը նախատեսված է, մասնավորապես, ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի հետախուզական վարչությունների, Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության, Ներքին անվտանգության, ֆինանսների եւ էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի համար: Դրանք բոլորը ներգրավված են Ազգային հետախուզական ծրագրի (National Intelligence Program, NIP) իրականացման մեջ:

Ըստ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի՝ հետախուզական համայնքի ընդհանուր ծախսերը նախորդ տարի 85.8 միլիարդ դոլար էին կազմել, 2019 թվականին՝ 81.7 միլիարդ, 2010 թվականին՝ 80.1 միլիարդ, 2007 թվականին՝ 63.5 միլիարդ:
Հունվարի 21-ին պաշտոնը ստանձնած Հեյնսը համակարգում է երկրում գործող 17 հետախուզական գործակալությունների աշխատանքը: Այս պաշտոնը ստեղծվել է 2005 թվականին հետախուզական ծառայությունների բարեփոխումների շրջանակներում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: