Բրիտանական հատուկ ծառայությունները փոխել են իրենց կարծիքը՝ այժմ նրանք «հնարավոր» են համարում, որ COVID համավարակն առաջացել է Ուհանի լաբորատորիայից արտահոսքի հետեւանքով, գրում է National Review-ը:

Ի սկզբանե հերքելով նման տեսությունը որպես անհավանական, բրիտանական հետախուզությունը, ինչպես նաեւ արեւմտյան հատուկ ծառայությունների մեծ մասը, այժմ պարզում են, թե կարող էր արդյոք Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից (WIV), որտեղ կատարվել է չղջիկներից ստացված կորոնավիրուսների հետազոտություն, հարուցիչը դուրս գալ:

Լաբորատոր արտահոսքի տեսությունը նոր ուշադրության է արժանացել այն հաղորդագրություններից հետո, թե WIV-ի երեք հետազոտողներ հիվանդացել են եւ վիրուսային ախտանիշներով հոսպիտալացվել են 2019-ի նոյեմբերին: Առաջին հաստատված COVID դեպքի մասին հաղորդվել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին Ուհանում՝ հերքելով լաբորատորիայի արտահոսքի վարկածը:

Արեւմտյան հետախուզությունը, այդ թվում՝ բրիտանականը, նախկինում կարծում էին, որ լաբորատորիայից արտահոսքը միայն «հեռավոր» հավանականություն է: Աղբյուրները, սակայն, նշում են, որ անուղղակի ապացույցները վերագնահատելուց հետո բրիտանական հետախուզական հանրությունն այժմ այն «հնարավոր» է անվանում:

Մեծ Բրիտանիայի որոշ հետախուզական գործակալություններ նույնպես կասկածում են, որ Չինաստանի կոծկումը եւ մանիպուլյատիվ սովորությունները խոչընդոտում են հարցի վերաբերյալ ճշմարտության որոնմանը:

Անցյալ շաբաթ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ հետախուզական գործակալություններին հանձնարարել էր ուսումնասիրել լաբորատոր արտահոսքի տեսությունը եւ հայտնել իրենց եզրակացությունների մասին 90 օրվա ընթացքում` «վերջնական եզրակացության» հասնելու հույսով: Ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայություններն այժմ համագործակցում են այս առաքելության շրջանակներում: