Սյունիքի մարզում հունիսի 26-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 22:30-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին եւ հայտնել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի ներքեւի այգիներում դիակ կա:
Նշված վայր է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի գլխավորությամբ: Պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Հալիձորի բնակիչ 33-ամյա Ռուդիկ Մկրտչյանը վարելով ԳԱԶ-53 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, Հալիձորի շրջիկ կոչվող այգիներից տուն վերադառնալիս ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել գետը:
Վթարի հետեւանքով, վարորդի կինը` 29-ամյա Լուսինե Սանթորյանը մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Ավտոմեքենայի մյուս ուղեւորներ` 17-ամյա Նարեկ Պետրոսյանը, 22-ամյա Մատիկ Գերասիմյանը եւ 22-ամյա Սեյրան Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական վարչության Գորիսի քննչական բաժանմունքում նոյւթեր են նախապատրաստվում:



























