Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում տարհանվել Ուկրաինայի մայրաքաղաքից՝ չնայած ռուսական կողմի այն նախազգուշացումներին, թե Կիևում մնալը վտանգավոր է, և որ զանգվածային հարվածները շարունակվելու են։ Այս մասին հայտնել են Կիևում գտնվող Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի, ինչպես նաև Ալբանիայի դեսպանությունները։ Շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական զինուժը շարունակելու է «հատուցման զանգվածային հարվածներ» հասցնել Կիևին և ուկրաինական այլ քաղաքներին՝ օտարերկրացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին կոչ անելով լքել երկիրը։

«Կիևում դիվանագիտական այլ առաքելությունների ղեկավարների հետ համատեղ՝ մենք անհանգստությամբ ենք արձանագրում Ուկրաինայում դիվանագետների և օտարերկրյա քաղաքացիների հասցեին Ռուսաստանի ԱԳՆ-ի հնչեցրած սպառնալիքները։ Ռուսաստանը պարտավոր է պահպանել Վիեննայի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը։ Մենք մնում ենք Կիևում»,- նշվում է դեսպանությունների տարածած հաղորդագրություններում։ Գրառումներին կցված է Ուկրաինայի մայրաքաղաքի կամուրջներից մեկի լուսանկարը, որոնց ուղղությամբ ռուսական բանակն արդեն մի քանի օր է՝ նպատակային հարվածներ է հասցնում։ Այս ուղերձին է միացել նաև Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան. «ԵՄ պատվիրակությունը մնում է։ Սպառնալիքները չեն կանգնեցնի Ուկրաինային Եվրոպայի ցուցաբերած աջակցությունը։ Դրանք պարզապես ևս մեկ անգամ կհիշեցնեն, թե որքան կարևոր է այդ աջակցությունը»։

Կիևում Լեհաստանի դեսպանությունը ևս հայտարարել է, որ ռուսական սպառնալիքների պատճառով չի փոխելու իր աշխատանքային ռեժիմը՝ ընդգծելով, որ Մոսկվային չի հաջողվի հյուծել Ուկրաինան և խարխլել եվրոպական համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ։ «Մենք կշարունակենք վճռականորեն արձագանքել Ռուսաստանի անպատասխանատու ու վտանգավոր գործողություններին և, մեր դաշնակիցների հետ միասին, ուժեղացնել Կրեմլի վրա գործադրվող ճնշումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Կիևում Էստոնիայի դեսպանությունը։

Ուրբաթ օրը The Guardian-ի աղբյուրները հայտնել էին, որ արևմտյան դիվանագետներն Ուկրաինայի մայրաքաղաքում սկսել են փակ քննարկումներ անցկացնել հնարավոր քայլերի շուրջ այն դեպքի համար, եթե քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ռուսական հարձակումների հետևանքով իրավիճակը կտրուկ վատթարանա։ Ի թիվս այլ հարցերի՝ դիտարկվում էր դեսպանությունները Լվով կամ Լեհաստանի արևելք տեղափոխելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը սկսի նպատակաուղղված թիրախավորել օտարերկրյա ներկայացուցչությունները։

Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնեցին, որ Կիևն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մայրաքաղաքը լքելու մտադրության մասին որևէ ծանուցում չի ստացել։