2011թ. հունիսի 16-ից 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի> Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը մասնակցել է ՌԴ-ում կայացած Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին` լինելով ելույթ ունեցող միակ մասնակիցը Հայաստանից: Այդ մասին տեղեկացնում են բորսայի մամուլի ծառայությունից;
«ՎՏԲ Կապիտալ» ընկերության Նախագահ եւ Գործադիր տնօրեն Յուրի Սոլովյովի կողմից վարվող քննարկման ընթացքում Կարեն Զաքարյանը, Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայի Նախագահ Ռուբեն Աղանբեգյանը, ՌԴ Վարչապետի Առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ղազախստանի Ազգային Բանկի Նախագահի տեղակալ Դանիյար Ակիշեւը եւ այլ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ քննարկեցին տարածաշրջանում ընդհանուր տնտեսական միջավայրի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաեւ ԱՊՀ եւ ԵՎՐԱԶԵՍ անդամ երկրների շրջանակում ֆինանսական շուկաների առավել արդյունավետ համագործակցության ձեւաչափերը: Կարեն Զաքարյանը ներկայացրեց ինտեգրմանը նախապատրաստվելու Հայաստանի կապիտալի շուկայի փորձը՝ նշելով այդպիսի նախագիծ ձեռնարկելու համար անհրաժեշտ հիմնական քայլերը:
Ըստ հայկական բորսայի ղեկավարի, նախքան տարածաշրջանային եւ գլոբալ ինտեգրացիան, անհրաժեշտ է տեղական շուկայում ապահովել բորսայական եւ դեպոզիտար միջավայրերի միասնականացումը, ինչն իրագործվել եւ շարունակաբար կատարելագործվում է Հայաստանում: Այնուհետև հաջորդ քայլը պետք է լինի ծառայությունների մատուցման այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հարմարավետ են միջազգային խաղորդների համար:
Կ. Զաքարյանը նաեւ տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ եւ կարգավորում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է լինելու կապիտալի շուկայի ինտեգրման բոլոր ասպեկտներին եւ ապագա հնարավորություններին:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը համարվում է աշխարհի առաջատար ֆորումներից մեկը, որը համախմբում է նշանավոր քաղաքական գործիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին եւ փորձագետներին` քննարկելու համաշխարհային տնտեսության առանցքային հարցերը:



























