ԵՄ խորհուրդն ընդլայնել է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին խորհուրդ է տրվում բացել արտաքին սահմանները` կորոնավիրուսի տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակի բարելավման պատճառով՝ դրանում ավելացնելով նաեւ Ճապոնիան, ասվում է Խորհրդի հայտարարության մեջ:

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ ընդգրկված չեն այս ցուցակում: Այժմ փաստաթղթում նշված է ութ երկիր, որոնց մուտքը Եվրամիություն թույլատրվում է. Ավստրալիա, Իսրայել, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայլանդ եւ Չինաստան` սահմանների բացման հարցումփոխադարձության պայմանի դեպքում:

«ԵՄ-ն, ճանապարհորդության ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման մասին առաջարկությունների համաձայն գնահատումը կատարելուց հետո, թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ այդ սահմանափակումները պետք է հանվեն` ավելացնելով Ճապոնիան»,- ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:

Մայիսի 20-ին Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել էր երրորդ երկրներից ճանապարհորդության սահմանափակումների վերացման չափանիշները փոխելու որոշման փոփոխման մասին` զգալիորեն թուլացնելով դրանք: Այս կանոններին համապատասխան` Եվրամիությունը կազմում է երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ խորհուրդ է տրվում բացել սահմանները: Այժմ այդ ցուցակում հայտնվելու համար վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չպետք է գերազանցի 75-ը 100 հազար մարդու հաշվով: Նախկին կանոնները սահմանափակում էին այս ցուցանիշն առավելագույնը 25 դեպքով 100 հազար մարդու հաշվով: Ցանկը կազմելիս այժմ հաշվի կառնվի նաեւ երկրում բնակչության պատվաստման գործընթացը. այս ցուցանիշը նախկինում կանոններում բացակայում էր: