Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ավտոշարասյունը ուրբաթ ավտովթարի է ենթարկվել, ինչի արդյունքում մահացել է պետության ղեկավարի անվտանգության աշխատակիցը: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Այսօր՝ հունիսի 4-ին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Իսիկ Կուլի շրջանում գտնվելու ժամանակ ուղեկցող մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել», - ասվել է հաղորդագրության մեջ:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենայի վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Վթարի հետեւանքով կա երեք վիրավոր եւ մեկ զոհ Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակազմից», - նշել է մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Իսիկ Կուլ մարզի Անանյեւո գյուղի մոտակայքում:





























