Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՀԽ) նիստ անցկացնել: Այս մասին նա հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որը վկայակոչում է DPA գործակալությունը:
«Ես կցանկանայի մեկ անգամ եւս հրավիրել Ռուսաստանին հնարավորինս շուտ մասնակցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին», - նշել է գլխավոր քարտուղարը: «Մենք քննարկման շատ թեմաներ ունենք, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերին»,- ասել է նա` հավելելով, որ ՌՀԽ-ն 19 ամիս չի հավաքվել: Դաշինքը, ըստ թերթի, ավելի քան մեկ տարի առաջ Մոսկվային առաջարկել է նոր հանդիպում անցկացնել, բայց դրական պատասխան չի եղել: «Գնդակն այժմ Ռուսաստանի կողմն է»,- կարծում է Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միեւնույն ժամանակ, նա նախանշել է հնարավոր բանակցությունների հատուկ թեմաներ: «Դրանց շարքում, օրինակ, կարծիքների փոխանակում ռազմական զորավարժությունների վերաբերյալ ՝ թյուրիմացությունները եւ հնարավոր սրումը կանխելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը: Քննարկման մեկ այլ հարց, նրա կարծիքով, պետք է լինի կողմերից յուրաքանչյուրի ռազմական գործունեության «բավարար թափանցիկությունը»` օդում եւ ծովում չկանխամտածված պատահարներից խուսափելու համար:
«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն այժմ հասել են ցածր կետի, որը մեզ հայտնի չէ սառը պատերազմի ավարտից ի վեր»,- ասել է Ստոլտենբերգը: «Երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է»,- ասել է նա` հավելելով, որ ՌՀԽ-ն դրա համար ճիշտ ձեւաչափ է: «Երկու կողմերն էլ նույն սեղանի շուրջ են նստել»,- եզրափակեց գլխավոր քարտուղարը:





























